ՖԻԴԵ-ի ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆՈՆՆԵՐ
ուժի մեջ են 2023թ.-ի հունվարի 1-ից
- Հայաստանի շախմատի ֆեդերացիա՝www.chessfed.am
- Կազմող և թարգմանիչ՝ Մերի Թաշչյան
- Խմբագիր՝ Վահագն Խաչատրյան
Ներածություն
ՖԻԴԵ-ի Շախմատի օրենքները կանոնակարգում են խաղատախտակի վրա ընթացող խաղը: Շախմատի օրենքները բաղկացած են երկու մասից՝ 1.Խաղի հիմնական կանոնները և 2. Մրցաշարի կանոնները: Սույն տեքստը Չեննայում (Հնդկաստան) կայացած ՖԻԴԵ-ի 93-րդ կոնգրեսում ընդունված անգլերեն բնագրի հայերեն թարգմանությունն է: Օրենքներն ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարի 1-ից։
Նախաբան
Շախմատի օրենքները չեն կարող ընդգրկել խաղի ընթացքում առաջացող բոլոր հնարավոր դեպքերը, ինչպես նաև կանոնակարգել բոլոր կազմակերպչական հարցերը: Օրենքների դրույթներով չկանոնավորված դեպքերում, ճիշտ որոշման հիմք կարող են հանդիսանալ կանոնակարգված համանման իրադրությունները: Օրենքները ենթադրում են, որ մրցավարները ունեն անհրաժեշտ կարողունակություն, առողջ դատողություն և անկողմնակալ են: Չափազանց մանրամասն գրված օրենքը կարող է սահմանափակել մրցավարի անկախ և անաչառ դատելու հնարավորությունը և դրանով իսկ խոչընդոտել նրան կայացնելու արդարացի և տրամաբանված որոշում և հաշվի առնել հատուկ գործոնները:ՖԻԴԵ-ն կոչ է անում բոլոր շախմատիստներին և ֆեդերացիաներին ընդունել այս տեսակետը։ Որպես անհրաժեշտ պայման՝ խաղը ենթակա է ՖԻԴԵ-ի կողմից վարկանիշի հաշվարկման այդ դեպքում, երբ այն անցկացվել է ՖԻԴԵ-ի շախմատի օրենքների համաձայն: Առաջարկվում է, որ չհաշվարկվող մրցաշարային խաղերն անցկացվեն ՖԻԴԵ-ի շախմատի օրենքների համաձայն: Անդամ ֆեդերացիաները կարող են հայցել ՖԻԴԵ-ի բացատրությունները շախմատի օրենքների վերաբերյալ: