Ուղեցույց III. Խաղեր առանց հավելումների, ներառյալ արագ խաղի ավարտ
III.1 «Արագ ավարտը» խաղի այն փուլն է, որի ընթացքում բոլոր մնացած քայլերը պետք է կատարվեն սահմանափակ ժամանակի ընթացքում։
III.2.1 Ստորև ներկայացված «Ուղեցույցները», որոնք վերաբերում են խաղի վերջին փուլին, ներառյալ «արագ ավարտ»-ը, պետք է կիրառվեն միայն այն միջոցառման ժամանակ, եթե դրանց օգտագործման մասին նախօրոք հայտարարվել է։
III.2.2 Սույն «Ուղեցույցները» կիրառվում են միայն սովորական և արագ շախմատում առանց հավելման, և չեն կիրառվում կայծակնային խաղի ժամանակ։
III.3.1 Եթե երկու դրոշակներն էլ ընկել են, և անհնար է որոշել, թե որն է ընկել առաջինը, ապա.
III.3.1.1 խաղը պետք է շարունակվի, եթե դա տեղի է ունենում խաղի ցանկացած շրջանում, բացառությամբ վերջին շրջանի:
III.3.1.2 խաղը հայտարարվում է ոչ-ոքի, եթե դա տեղի է ունենում խաղի այն շրջանում, որի ընթացքում պետք է կատարվեն մնացած բոլոր քայլերը:
III.4 Երբ քայլ կատարողին մնում է երկու րոպեից պակաս ժամանակ, նա կարող է առաջարկել մրցավարին, որ երկու խաղացողներին հատկացվի 5 վայրկյան հավելում։ Սա համարվում է ոչ-ոքիի առաջարկ։ Եթե այն մերժվում է, և մրցավարը համաձայնում է առաջարկին, ապա ժամացույցները պետք է կարգավորվեն համապատասխանաբար լրացուցիչ ժամանակով. հակառակորդին տրվում է լրացուցիչ երկու րոպե, և խաղը շարունակվում է:
III.5 Եթե Հոդված III.4-ը չի կիրառվում, և քայլ կատարողին մնում է երկու րոպեից պակաս ժամանակ, նա կարող է «ոչ-ոքի»-ի պահանջ ներկայացնել՝ մինչև իր դրոշակի ընկնելը։ Նա պետք է հրավիրի մրցավարին և կարող է կանգնեցնել ժամացույցը (տե՛ս հոդված 6.12.2-ը)։ Նա կարող է ոչ-ոքի պահանջել այն հիմքով, որ հակառակորդը ընդունված միջոցներով հաղթել չի կարող և/կամ չի գործադրում ջանքեր ընդունված միջոցներով հաղթելու համար։
III.5.1 Եթե մրցավարը համաձայնի, որ հակառակորդն ընդունված միջոցներով հաղթելու համար ջանքեր չի գործադրում կամ ընդունված միջոցներով հաղթել հնարավոր չէ, նա պետք է խաղը հայտարարի ոչ-ոքի։ Հակառակ դեպքում, նա պետք է հետաձգի որոշում կայացնելը կամ մերժի պահանջը։
III.5.2 Եթե մրցավարը հետաձգում է որոշում կայացնելը, ապա հակառակորդին կարող է ավելացվել լրացուցիչ երկու րոպե ժամանակ, և հնարավորության դեպքում խաղը պետք է շարունակվի մրցավարի ներկայությամբ: Մրցավարը վերջնական արդյունքը պետք է հայտարարի խաղի հետագա ընթացքում կամ խաղացողներից որևէ մեկի դրոշակն ընկնելուց հետո՝ որքան հնարավոր է արագ: Եթե մրցավարը համաձայնում է, որ վերջնական դիրքում ընդունված միջոցներով հաղթել հնարավոր չէ, կամ՝ որ ընդունված միջոցներով հաղթելու համար հակառակորդը բավարար փորձեր չի ձեռնարկում, ապա խաղը պետք է հայտարարի ոչ-ոքի։
III.5.3 Եթե մրցավարը մերժում է պահանջը, ապա հակառակորդին պետք է ավելացվի երկու րոպե ժամանակ։
III.6 Եթե մրցաշարը չի հսկվում մրցավարի կողմից, սահմանվում է հետևյալը․
III.6.1 խաղացողը կարող է ոչ-ոքի պահանջել՝ մինչև իր դրոշակի ընկնելը, եթե նրան մնացել է 2 րոպեից պակաս ժամանակ։ Այսպիսով ավարտվում է խաղը։ Նա կարող է այդ պահանջը ներկայացնել հիմք ընդունելով, որ․
III.6.1.1 հակառակորդն ընդունված միջոցներով հաղթել չի կարող, և/կամ
III.6.1.2 հակառակորդն ընդունված միջոցներով հաղթելու համար ջանքեր չի գործադրում։ III.6.1.1-ի դեպքում` խաղացողը պետք է գրանցի վերջնական դիրքը, և հակառակորդը պետք է հաստատի այն։ III.6.1.2-ի դեպքում խաղացողը պետք է գրանցի վերջնական դիրքը և ներկայացնի գրառած բլանկը։ Հակառակորդը պետք է հաստատի և՛ գրառման ճշգրտությունը, և՛ վերջնական դիրքը։
III.6.2 Պահանջը պետք է ներկայացվի մրցավարի պարտականությունները ստանձնած անձին։