Հոդված 6: ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑ

6.1 Շախմատային ժամացույցն այնպիսի ժամացույց է, որի երկու թվացույցներն միմյանց կապակցված են այնպես, որ միաժամանակ աշխատել չեն կարող։ Շախմատի կանոններում ժամացույցը նշանակում է երկու թվացույցներից մեկը։ Յուրաքանչյուր թվացույց ունի դրոշակ: Դրոշակի ընկնելը նշանակում է, որ խաղացողին հատկացված ժամանակի սպառում։

6.2.1 Խաղի ժամանակ յուրաքանչյուր խաղացող՝ խաղատախտակի վրա քայլ կատարելուց հետո, պետք է սեղմի ժամացույցի կոճակը այնպես, որ սկսի աշխատել հակառակորդի ժամացույցը։ Դա ավարտում է քայլը։ Քայլն ավարտված է նաև, եթե․

6.2.1.1.այն ավարտում է պարտիան (տես հոդվածներ 5.1.1, 5.2.1, 5.2.2, 9.6.1 և 9.6.2), կամ՝

6.2.1.2 խաղացողը կատարում է իր հաջորդ քայլն այն դեպքում, երբ նախորդ քայլն ավարտված չէր։

6.2.2 Իր քայլը կատարելուց հետո խաղացողը պետք է միշտ հնարավորություն ունենա կանգնեցնել ժամացույցը, նույնիսկ եթե հակառակորդն կատարել է պատասխան քայլը։ Խաղատախտակի վրա քայլ կատարելու և հակառակորդի ժամացույցը միացվելու միջև ընկած ժամանակահատվածը խաղացողին հատկացված ժամանակի մասն է կազմում։

6.2.3 Խաղացողը պետք է սեղմի ժամացույցի կոճակը այն ձեռքով, որով կատարել է քայլը։ Խաղացողին արգելվում է սեղմած պահել ժամացույցի կոճակը, կամ իր մատը պահել կոճակի վրա։

6.2.4 Խաղացողները պետք է պատշաճ կերպով վարվեն ժամացույցի հետ։ Արգելվում է ուժ գործադրել ժամացույցի կոճակը սեղմելու համար, սեղմել կոճակը քայլ կատարելուց առաջ, բարձրացնել կամ շրջել ժամացույցը։ Ժամացույցի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը պետք է պատժվի Հոդված 12.9 համաձայն։

6.2.5 Խաղատախտակի վրա խաղաքարերն ուղղել թույլատրվում է միայն այն խաղացողին, ում ժամացույցն աշխատում է։

6.2.6 Եթե խաղացողը ի վիճակի չէ օգտագործել ժամացույցը, համապատասխան գործողությունների կատարելու համար, նրան, մրցավարի համաձայնությամբ, կարող է տրամադրվել օգնական։ Այդ խաղացողի ժամացույցի ցուցմունքը մրցավարը պետք է վերանայի համարժեքորեն։ Այլ սահմանափակ կարողություններով խաղացողների ժամացույցի ցուցմունքը չի վերանայվում։։

6.3.1 Շախմատային ժամացույց օգտագործելիս՝ յուրաքանչյուր քայլերի նվազագույն քանակը կամ բոլոր քայլերը պետք է կատարի հատկացված ժամանակի ընթացքում, և (կամ) յուրաքանչյուր քայլի համար կարող է տրվել լրացուցիչ ժամանակ (հավելում)։ Այս ամենը պետք է նախապես հստակ սահմանված լինի։

6.3.2 Ստուգումներից որևէ մեկի ընթացքում խաղացողի տնտեսած ժամանակը ավելացվում է հաջորդ ստուգման համար հատկացված ժամանակին, բացառությամբ ժամանակի երկարաձգում ստուգման ձևի կիրառման դեպքերի։ Ժամանակի երկարաձգում ստուգման ձևը կիրառելիս՝ հակառակորդներին հատկացվում է մտածելու հիմնական ժամանա։ Յուրաքանչյուրին հատկացվում է նաև ամեն քայլի համար սահմանված լրացուցիչ ժամանակ (հավելում)։ Հիմնական ժամանակը սկսում է նվազել միայն այն պահից, երբ սպառվում է սահմանված լրացուցիչ ժամանակը։ Եթե խաղացողտ ժամացույցի կոճակը սեղմում է մինչև լրացուցիչ ժամանակի սպառվելը, մտածելու հիմնական ժամանակը չի նվազում՝ անկախ լրացուցիչ ժամանակի օգտագործման չափից։

6.4 Դրոշակի ընկնելուց անմիջապես հետո պետք է ստգուվեն հոդված 6.3.1. պահանջները։

6.5 Մինչև պարտիայի սկիզբը՝ մրցավարը որոշում է, թե որտեղ պետք է տեղադրվի շախմատային ժամացույցը։

6.6 Խաղասկզբի համար սահմանված ժամին միացվում է սպիտակների ժամացույցը։

6.7.1 Մրցաշարի կանոնակարգում պետք է նախատեսված լինի ուշացման համար սահմանված ժամանակը։ Յուրաքանչյուր խաղացող, որը խաղի է ներկայանում այդ ժամանակը սպառվելուց հետո, համարվում է պարտված այդ պարտիայում, եթե մրցավարն այլ որոշում չի կայացնում։

6.7.2 Եթե մրցաշարի կանոնակարգն ուշացման համար սահմանում է որոշակի ժամանակ, որը 0 չէ, և խաղասկզբին ներկա չէ խաղացողներից և ոչ մեկը, ապա սպիտակները կորցնում են մինչև իր ներկայանալն անցած ամբողջ ժամանակը, եթե կանոնակարգն այլ բան չի սահմանում, կամ մրցավարն այլ որոշում չի կայացնում։

6.8 Դրոշակը համարվում է ընկած, երբ մրցավարն արձանագրում է այդ փաստը, կամ խաղացողներից մեկը դրա վերաբերյալ անում է համապատասխան հայտարարություն։

6.9 Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում է 5.1.1, 5.1.2, 5.2.1, 5.2.2, կամ 5.2.3 հոդվածներից որևէ մեկը, խաղացողն պարտվում է, եթե հատկացված ժամանակի ընթացքում սահմանված քայլերի քանակը չի կատարում։ Սակայն պարտիան ավարտվում է ոչ-ոքի, եթե դիրքն այնպիսին է, որ հակառակորդը հնարավոր քայլերի ցանկացած շարքով չի կարող մատ անել խաղացողի արքային։

6.10.1 Ակնհայտ անսարքության բացակայության դեպքում՝ ժամացույցի ցանկացած ցուցմունք համարվում է փաստական։ Ակնհայտ անսարք ժամացույցը պետք է փոխարինի մրցավարը, որը փոխարինող ժամացույցի ցուցմունքները պետք է սահմանի ողջամտաբար։

6.10.2 Եթե պարտիայի ընթացքում հայտնաբերվում է, որ հակառակորդներից մեկի կամ երկուսի ժամացույցների ցուցմունքները ճիշտ չէին կարգավորվել խաղի սկզբից, նրանցից յուրաքանչյուրը կամ մրցավարը պետք է անմիջապես կանգնեցնեն ժամացույցը։ Մրցավարը պետք է նորից կարգավորի ժամացույցը և, եթե անհրաժեշտ է, ուղղի ցուցմունքները և քայլերի հաշվիչը։ Մրցավարը պետք է ժամացույցը կարգավորի ողջամտորեն։

6.11.1 Եթե ծագում է պարտիան ընդհատելու անհրաժեշտություն, ժամացույցը պետք է կանգնեցնի մրցավարը։

6.11.2 Խաղացողը կարող է ժամացույցը կանգնեցնել միայն այն դեպքում, երբ առաջանում է մրցավարի միջամտության կարիքը․ օրինակ․ եթե փոխարկման ժամանակ նրա ձեռքի տակ չկա պահանջվող խաղաքարը։

6.11.3 Ցանկացած դեպքում մրցավարն է որոշում, թե երբ պետք է վերսկսվի պարտիան։

6.11.4 Երբ խաղացողը կանգնեցնում է ժամացույցը մրցավարի միջամտության ակնկալիքով, մրցավարը պետք է որոշի, թե արդյո՞ք խաղացողն ուներ հիմնավոր պատճառ՝ այդ բանն անելու համար։ Եթե ակնհայտ է, որ խաղացողը ժամացույցը կանգնեցնելու համար հիմնավոր պատճառ չուներ, ապա նա պետք է պատժվի 12.9 հոդվածի համաձայն։

6.12.1 Խաղասրահում թույլատրվում է տեղադրել լուսապաստառներ, մոնիտորներ կամ ցուցատախտակներ, որոնք ցույց են տալիս ընթացիկ դիրքը խաղատախտակի վրա, քայլերը և կատարված քայլերի քանակը, և ժամացույցներ, որոնք ցույց են տալիս նաև քայլերի քանակը։

6.12.2 Սակայն, հիմնվելով միայն վերոնշյալ տեղեկատվության վրա, խաղացողը չի կարող որևէ հայտարարություն անել։