Խորհուրդ III. ԱՐԱԳ ԱՎԱՐՏ

III.1 «Արագ ավարտը» խաղի այն փուլն է, որի ընթացքում բոլոր մնացած քայլերը պետք է կատարվեն սահմանափակ ժամանակի ընթացքում։

III.2.1 Մրցաշարի մեկնարկից առաջ պետք է հայտարարվի, թե արդյո՞ք կիրառվելու է սույն հավելվածը, թե՞ ոչ։

III.2.2 Սույն հավելվածը կիրառվում է միայն սովորական և արագ շախմատում, եթե ստուգումը չի նախատեսում ժամանակի հավելում, բայց ոչ կայծակնային խաղում։

III.3.1 Եթե երկու դրոշակն էլ ընկել են, և հնարարվոր չէ պարզել, թե որ դրոշակն է ընկել առաջինը, ապա․

III.3.1.1 պարտիան պետք է շարունակվի, եթե դա չի կատարվել ժամանակի ամենավերջին ստուգման ընթացքում,

III.3.1.2 պարտիան ավարտվում է ոչ-ոքի, եթե դա կատարվել ժամանակի ամենավերջին ստուգման ընթացքում ։

III.4 Եթե քայլ կատարողին մնում է երկու րոպեից պակաս, նա կարող է առաջարկել մրցավարին, որ երկու խաղացողներին այսուհետ հատկացվի 5 վայրկյան հավելում՝ լրացուցիչ կամ կուտակային ժամանակ յուրաքանչյուր քայլի համար, եթե դա հնարավոր է։ Սա համարվում է ոչ-ոքիի առաջարկ։ Եթե այն մերժվում է, և մրցավարը համաձայնում է կիրառել ժամանակի ստուգում, ապա ժամացույցի կարգավորումները համապատասխանաբար փոխվում են, հակառակորդին ավելացվում է երկու րոպե, և խաղը շարունակվում է։

III.5 Եթե Հոդված III.4 չի կիրառվում, և քայլ կատարողին մնում է երկու րոպեից պակաս, նա կարող է ոչ-ոքի պահանջել՝ մինչև իր դրոշակի ընկնելը։ Նա պետք է դիմի մրցավարին և կարող է կանգնեցնել ժամացույցը (տես Հոդված 6.12.2 )։ Նա կարող է ոչ-ոքի պահանջել այն հիմքով, որ հակառակորդը ընդունված միջոցներով հաղթել չի կարող և/կամ չի գործադրում ջանքեր ընդունված միջոցներով հաղթելու համար։

III.5.1 Եթե մրցավարը համաձայնի, որ հակառակորդն ընդունված միջոցներով հաղթելու համար ջանքեր չի գործադրում կամ ընդունված միջոցներով հաղթել հնարավոր չէ, նա պետք է հայտարարի պարտիան ոչ-ոքի։ Հակառակ դեպքում, նա պետք է հետաձգի որոշում կայացնելը կամ մերժի պահանջը։

III.5.2 Եթե մրցավարը հետաձգում է որոշում կայացնելը, ապա հակառակորդին կարող է ավելացվել երկու րոպե, և պարտիան պետք է շարունակվի մրցավարի ներկայությամբ, եթե դա հնարավոր է։ Մրցավարը վերջնական արդյունքը պետք է հայտարարի խաղի հետագա ընթացքում կամ դրոշակի ընկնելուց հետո՝ որքան հնարավոր է արագ։ Եթե մրցավարը համաձայնում է, որ վերջնական դիրքում ընդունված միջոցներով հաղթել հնարավոր չէ, կամ՝ ընդունված միջոցներով հաղթելու համար հակառակորդը բավարար փորձեր չի ձեռնարկում, նա պետք է պարտիան հայտարարի ոչ-ոքի։

III.5.3 Եթե մրցավարը մերժում է պահանջը, ապա հակառակորդին պետք է ավելացվի երկու րոպե։

III.6 Եթե մրցաշարը չի հսկվում մրցավարի կողմից, սահմանվում է հետևյալը․

III.6.1 խաղացողը կարող է ոչ-ոքի պահանջել՝ մինչև իր դրոշակի ընկնելը, եթե նրան մնացել է երկու րոպեից պակաս։ Դա ավարտում է պարտիան։

Նա կարող է հիմնավորել պահանջն այն բանով, որ․

III.6.1.1 հակառակորդն ընդունված միջոցներով հաղթել չի կարող, կամ (և)

III.6.1.2 հակառակորդն ընդունված միջոցներով հաղթելու համար ջանքեր չի գործադրում

Խորհուրդ III.6.1.1. դեպքում խաղացողը պետք է գրանցի վերջնական դիրքը, և հակառակորդը պետք է հաստատի այն։

Խորհուրդ III.6.1.2. դեպքում խաղացողը պետք է գրանցի վերջնական դիրքը և ներկայացնի գրառված բլանկը։ Հակառակորդը պետք է հաստատի և գրառման ճշտությունը, և վերջնական դիրքը։

III.6.2 Պահանջը պետք է ներկայացվի այն անձին, ում հանձնարարված են մրցավարի պարտականությունները։